Skip to main content

Ամբողջ աշխարհին հայտնի Աննը Ֆրանկի պատմությունը օրինակ է մարդկային մի ճակատագրի մասին, որը խորհելու, վերաարժևորելու ճանապարհ է ցույց տալիս։ Աննը Ֆրանկը 12 տարեկան աղջնակ էր, ով  անհոգ ապրում էր Հոլանդիայում, երբ սկսվում է 2-րդ աշխարհամարտը։ Նա ազգությամբ հրեա էր և իր ազգային պատկանելիությունը պատճառ դարձավ, որ նրա ու իր հայրենակիցների հանդեպ նացիստական Գերմանիայի իշխանությունը վերաբերվեց ամենաանմարդկային ոճիր իրականացնելով՝ ցեղասպանություն։ Ա․Ֆրանկի ընտանիքը և ևս մեկ ընտանիք երկյուղելով այդ սարսափից մի քանի տարի թաքնված մնաց ապաստարաններից մեկում, երբ նացիստները գրավել էին Հոլանդային և սկսել հաշվերդար հրեա ազգաբնակչության դեմ։

Այդ ժամանակից էլ Աննը սկսում է վարել իր օրագիրը՝ ապրումների, զգացմունքների, չկատարված երազանքների, վախերի ու այն ամենի մասին, ինչը նա գաղտնի ապաստարանում զգում էր մի քանի տարի։ Աննը Ֆրանկի օրագիրը գտնվեց այն ժամանակ, երբ արդեն նա կենդանի չէր։ Նա մահացավ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներից մեկում։ Օրագիրը դարձավ հանրաճանաչ, թարգմանվեց որպես գիրք բազմաթիվ լեզուներով: Աննը Ֆրանկի հանրահայտ օրագիրն առաջին անգամ թարգմանվել է բնագրից` հոլանդերենից՝ պահպանելով առաջին հրատարակության վերնագիրը` «Հետնատունը»:

Աննը Ֆրանկի այս պատմությունը և գիրքը փետրվարի 5-ին ներկայացվեց նաև Դիլիջանում՝ Դիլիջանի համայնքային կենտրոնում, որը կազմակերպվել էր «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ։ Մասնակցում էին Դիլիջանի թիվ 4, թիվ 5 և Ավագ դպրոցների 12-16 տարեկան պատանիներ ու աղջիկներ։

Բանախոսները ներկայացրեցին Աննը Ֆրանկի կյանքի պատմությունը, որը ուղեկցվում էր քննարկումներով և հարց ու պատասխաններով։ Նշվեց, որ գիրքը և այս պատմությունը ցույց են տալիս, թե ինչպես կարող է ազգային, էթնիկ կամ այլ հատկանիշներով պայմանավորված մարդու հանդեպ ատելությունը դառնալ հումանիտար աղետ՝ խեղելով  ճակատագրեր, ոչնչացնելով միլիոնավոր մարդկանց ամենասոսկալի ձևերով։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ կողմից համայնքի երիտասարդներին նվիրաբերվեց շուրջ 30 կտոր նոր գրականությունը, որը հիմք կհանդիսանա Դիլիջան համայնքում ընթերցասերների ակումբի մեկնարկին։

Աննը Ֆրանկի մասին հայերեն լեզվով տեղեկություն կարող եք ստանալ http://annefrank.am/ կայքում։