Skip to main content

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ,  սույն թվականի փետրվարի 25-ին կայացավ թեմատիկ քննարկում «Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ – ՏԻՄ հաղորդակցության հնարավորությունները և համագործակցության առկա ներուժը Իջևանում» թեմայով՝ «ԴԱՏԱ․ տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակներում։

Քննարկման նպատակն էր  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և Իջևան խոշորացված համայնքի նորընտիր ավագանու անդամների մասնակցությամբ քննարկել    որոշումների կայացման գործընթացների և արտակարգ իրավիճակներում փոխգործակցության և հաղորդակցության հնարավորությունները։

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին ՔՀԿ-ՏԻՄ փոխհարաբերություններին առնչվող հարցերը, տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ իշխանության և հասարակական հատվածի փոխգործակցության փորձառությունը, դիտարկվեցին  հաղորդակցման բարելավման  ճանապարհներն ու եղանակները, կարծիքներ փոխանակվեցին համայնքում առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ համաձայնեցված աշխատանքների կարևորության վերաբերյալ։ Մասնակիցների կողմից առաջարկներ ներկայացվեցին հետագա համագործակցության և հաղորդակցության մեխանիզմների զարգացման նպատակով։ Քննարկման արդյունքները կվերլուծվեն և կներկայացվեն շահագրգիռ կողմերին։

Քննարկմանը մասնակցում էին ավագանու 10 անդամ ՝ 2 քաղաքական խմբակցություններից, 6 հասարակական կազմակերպությունների 10 ներկայացուցիչներ։

Նշենք, որ սա 2-րդ թեմատիկ հանդիպումն էր։ Առաջինը կայացել էր 2021 թ․ դեկտեմբերի 15-ին՝ Դիլիջան խոշորացված համայնքում։

«ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։ Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: