Skip to main content

Օգոստոսի 15–ին  հինգերորդ անգամ իրականացվեց ԴիլիՏոն փառատոնը, որտեղ Դիլիջան խոշորացված համայնքի 50–ից ավել արտադրողներ և անհատ ստեղծագործողներ ներկայացնում էին տեղի տարաբնույթ մշակույթը։

Զբոսաշրջիկների համար սա բացառիկ հնարավորություն էր անմիջականորեն շփվելու տեղացիների հետ, համտեսելու տեղական ուտեստներն ու գնելու տեղական արտադրանքը։

Մյուս կողմից այն յուրահատուկ հարթակ էր, որը հնարավորություն էր տալիս համայնքի անդամներին անվճար հիմունքներով օգտվելու իրենց իսկ համայնքի զբոսաշրջային պոտենցիալից և որոշակի եկամուտ ունենալու։

Դիլիտոնը նաև տոն էր թե՛ մեծերի և թե՛ փոքրերի համար։ Այստեղ մանկական ժամանցի անկյուններ, մուլտհերոսներ և տարբեր զվարճալի խաղեր էին կազմակերպված: Փառատոնի ողջ ընթացքը ուղեկցվել է յուրօրինակ երաժշտական համերգներով՝ Hope for Coffee և Տիեզերք խմբերի կողմից, ովքեր իրենց տարբերվող երաժշտական ոճով ԴիլիՏՈՆը վերածեցին իրական տոնի։

ԴիլիՏՈՆ-2021 համաքաղաքային ամենամյա փառատոնը իրականացվել է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ Դիլիջանի Համայնքապետարանի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) , DIS Properties կազմակերպության համագործակցությամբ։

ԴիլիՏՈՆ-ը Հայաստանի փառատոնների ՖեստիվԱր Ասոցիացիայի լիիրավ անդամ է։