Հոկտեմբերի 30–ին տեղի ունեցավ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ–ի կողմից իրականացվող՝ «Կանանց ձեռներեցության և առաջնորդության ուսումնական ճամբար» /«Well camp»/ Ծրագրի ավարտական միջոցառումը։

Ծրագիրը կյանքի է կոչվել  Հայաստանում  ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարված Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շնորհիվ  և  նպատակն էր ստեղծելու  կանանց կարողությունների զարգացման և ձեռներեցության մի պրակտիկ մոդել, որը պարբերաբար իրականացվելով` հնարավորություն կըձեռեր կանանց՝ հիմնել իրենց սեփական բիզնեսը՝ դրանով իսկ  բարձրացնելով  իրենց ու իրենց ընտանիքների անդամների կյանքի որակը։ Այս ամենի երաշխիքը ծրագրի շրջանակներում մշակված ու տպագրված «Երիտասարդ կին–ձեռներեց» մոդուլն է, որի կիրառմամբ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ–ն նախատեսում է ամեն տարի իրականացնել ձեռնարկատիրության և կարողությունների զարգացման դասընթացներ համայնքի երիտասարդ կանանց ու աղջիկների համար։

Այսպիսով դասընթացների առաջին փուլն հաջողությամբ իրականացվել է, որին անդրադառնալով՝ ծրագրի ղեկավար՝ Աիդա Աթաբեկյանը ներկայացրեց Դիլիջան խոշորացված համայնքի 20 երիտասարդ կանանց  ու աղջիկների անցած ուղին՝  մասնավորապես 4 ամիս տևողությամբ ձեռնարկատիրության և առաջնորդության դասընթացները, հանդիպումները՝ տարբեր ոլորտների բանախոսների, փորձագետների, հաջողակ կին  ձեռներեցների հետ, երկամսյա մենթորության ծրագիրը և 7–օրյա օֆլայն ճամբարը։

Այդ կրթական ծրագրի ընթացքում ծրագրի մասնակից բոլոր 20 աղջիները, զինվելով անհրաժեշտ գիտելիքներով, մշակել ու հղկել են իրենց «Կանվաս» բիզնես մոդելները և պատրաստվել ավարտական ելույթներին։

Միջոցառման ընթացքում չորս հաջողակ կին ձեռներեցներից կազմված ժյուրին, գնահատելով աղջիկների ելույթները, նրանցից 7–ին արժանացրեց փոքր դրամաշնորհների։

Ծրագրի մասնակիցներին  շնորհավորեց և մրցանակներ հանձնեց «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ նախագահ՝ Արթուր Ղազարյանը, ով իր խոսքում անդրադարձավ աղջիկների կատարած հսկայական աշխատանքին, մաղթելով, որ չբավարարվեն այս ձեռքբերումներով այլ շարունակեն կրթվել, աշխատել և նոր ուղենիշեր սահմանել։

«Կանանց ձեռներեցության և առաջնորդության կրթական ճամբար» ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Թողնել մեկնաբանություն