Skip to main content

Եւս մեկ հաջողված հանդիպում՝ ուղղված կանանց ձեռներեցության հմտությունների զարգացմանը կայացավ հուլիսի 16-ին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում՝ «Կանանց ձեռներեցության և առաջնորդության կրթական ճամբար» ծրագրի շրջանակներում։

Հանդիպման հիմնական նպատակն էր իրականացնել աշխատարան մասնակից կանանց և աղջիկների շրջանում, որը նրանց մեկ քայլով ավելի կմոտեցնի իրենց բիզնես գաղափարների իրականացմանը։

Հանդիպումը ֆասիլիտացվել է ոլորտային փորձագետներ՝ Լիլիթ Արզոյանի և Սիլվա Մանթաշյանի կողմից, ովքեր այս փուլում ջանք չեն խնայել աջակից լինելու և ուղղորդելու մասնակիցներին դեպի իրենց նպատակների իրականացում։

Քանի որ դասընթացները հիմնականում անց են կացվում առցանց հարթակում, նման հանդիպումներ իրականացնելը խթան է հանդիսանում, որպեսզի մասնակիցները միմյանց կարողանան ավելի լավ ճանաչել, ինչպես նաև՝ փորձեն միասին աշխատել այլ ֆորմատով։

Մեկ տարի տևողությամբ այս ծրագիրը հրաշալի հնարավորություն էր այն կանանց համար, ովքեր գործազուրկ են, կամ ելնելով ընտանեկան կարգավիճակից չեն կարող աշխատել։

Ծրագրի ընթացքում ստացվել են բազմաթիվ բիզնես գաղափարներ, որոնց հզորացմանն ուղղված տարվում է կայուն և մանրամասն աշխատանք։

Նշենք, որ այժմ իրականացվում է մենթորինգի փուլը, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից անհատապես խորհրդակցում է բիզնես փորձագետի հետ, ում օգնությամբ վերանայվում է մասնակցի բիզնես գաղափարների ուժեղ և թույլ կողմերը։

«Կանանց ձեռներեցության և առաջնորդության կրթական ճամբար» ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: