Skip to main content

«Մասնակիցների համար այս դասընթացը համայնքում ակտիվ լինելու մոտիվացիայի աղբյուր հանդիսացավ։ Նրանք
ծանոթացան իրենց համայնքի տեղական ինքնակառարման մարմնի կայքի կառուցվածքին, հնարավորություններին և
փորձեցին առցանց եղանակով դիմել համայնքային խնդիրների առկայության մասին», նշեց Լոռու մարզի Լեռնապատ
համայնքի դպրոցի ուսուցչուհի Լիաննա Աբազյանը։ Լիաննան ղեկավարում է «Երիտասարդների ձայնը» հասարակական
կազմակերպությունը, և մասնակցելով «Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակման
գործընթացներում» դասընթացին, հնարավորություն է ստացել նախագծել և իրականացնել «Քո իրավունքը» փոքր
դրամաշնորհային ծրագիրը՝ «ԴԱՏԱ․ տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի
շրջանակում։

«Քո իրավունքը» ծրագիրը, որը համախմբել է մոտ 16 երիտասարդի, նպատակ է հետապնդում իրազեկել Լեռնապատ
համայնքի բնակիչներին տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացում իրենց իրավունքների
մասին։ Առաջին մեկօրյա դասընթացին, որը վարեց Վահե Խաչիկյանը, ուսումնասիրվեցին տեղական
ինքնակառավարման ոլորտում բնակիչների մասնակցության ձևերը, ՏԻՄ-երի կառուցվածքի, գործառույթները,
համայնքային խնդիրների վերաբերյալ ՏԻՄ-երին դիմելու առկա եղանակները (առցանց և ոչ առցանց)։ Գործնական
աշխատանքների միջոցով ամրապնդվեցին նաև տեսական գիտելիքները կարողությունները, կարողացան համայնքային
որոշ խնդիրների մասին հարցումներ ուղարկել՝ կիրառելով համայնքի ՏԻՄ կայքի առցանց գործիքները։ Հաջորդիվ
կիրականացվեն երիտասարդների մասնակցությամբ ջատագովության և առաջնորդության վերաբերյալ դասընթացներ,
կկազմակերպվեն համայնքային իրազեկման նախաձեռնություններ։


ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։ Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: