Skip to main content

2022 թվականի դեկտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ «AGATE – երիտասարդական ձեռներեցության կրթության խաղային մոտեցում» ծրագրի փակման համաժողովը։ Վերջինս կազմակերպված էր «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» (YCCD) ՀԿ-ի կողմից, որին ներկա էին ավելի քան 50 քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ և ծրագրի շահառուներ, ովքեր մասնակցել են ծրագրի տարբեր փուլերին:

Համաժողովը մեկնարկեց ԱԳԱԹԵ ծրագրի արդյունքների ներկայացմամբ, որը ներկայացրեց ԴԵՀԿ ՀԿ-ի նախագահ Արթուր Ղազարյանը: Ծրագրի մասնակիցները և կազմակերպիչները հնարավորություն ունեցան կիսվել իրենց փորձով, խոսել ծրագրի ստեղծած ազդեցության մասին տեղական և միջազգային համատեքստում: Համաժողովի ընթացքում Հայաստանի և Պորտուգալիայի բանախոսները ներկայացրեցին կրթության ոլորտում խաղաֆիկացման իրենց փորձը և խոսեցին Հայաստանում և ԵՄ-ում խաղերի միջոցով երիտասարդների ձեռներեցության թեմայով ովերապատրաստման դասընթացների մասին։

Համաժողովի 2րդ հատվածում ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու ձեռներեցությունը խթանող չորս կրթական սեղանի խաղերին, որոնք մշակվել և հրապարակվել էին ծրագրի շրջանակներում: Ավելին, ներկաները մասնակցել են 3 զուգահեռ աշխատարանների, որտեղ քննարկվել են Հայաստանի ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերում երիտասարդների ձեռնարկատիրական վերապատրաստման մեջ խաղային մոտեցման ինտեգրման տարբեր ասպեկտներ:
Առաջնորդվելով պրոֆեսիոնալ վարողների կողմից՝ մասնակիցները քննարկեցին նաև կրթական ոլորտում խաղային տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններն ու մարտահրավերները։ Աշխատարանների ավարտին մասնակիցները ներկայացրեցին մի շարք առաջարկություններ՝ ձեռներեցության կրթության շրջանակներում խաղաֆիկացումը առաջ մղելու վերաբերյալ՝ ուղղված տարբեր շահագրգիռ կողմերի:

«AGATE – A Gamified Approach to Youth Entrepreneurship Education» ծրագիրը իրականացվել է Եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի աջակցությամբ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն»  (Հայաստան)ՀԿ-ի կողմից, «Society for Innovative Business Support»–ի (Բելառուս), «Youth Progress»–ի(Էստոնիա) և «Experimentáculo Associação Cultural» ի(Պորտուգալիա)  հետ համագործակցությամբ։

Ծրագիրը նպատակ ուներ զարգացնել ձեռնարկատիրական հմտությունները և հզորացնել երիտասարդների կարողությունները՝ խթանելով կրթության նկատմամբ խաղային մոտեցումը:

Իրագործման  2 տարիների ընթացքում կազմակերպվել են երիտասարդական աշխատողների համար երիտասարդական ձեռներեցության կրթության և խաղերի միջազգային վերապատրաստման դասընթացներ, երիտասարդական ձեռներեցության վերաբերյալ  մշակվել են 4 սեղանի խաղեր և փորձարկվել երիտասարդական աշխատողների և երիտասարդների հետ: