Skip to main content

Տավուշի մարզում շարունակվում են վերապատրաստման դասընթացները «Տեղական ժողովրդավարության դպրոց» (ՏԺԴ) 6 ամսյա ծրագրի շրջանակում։ Համավարակով պայմանավորված՝ դրանք անց են կացվում առցանց եղանակով։ Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդաների մասնակցականության աստիճանը քաղաքացիական զարգացման և որոշումների կայացման գործընթացում։ 

Դասընթացի 2-րդ փուլին իրենց մասնակցությունը շարունակեցին 24 երիտասարդ Տավուշի մարզի Այգեհովիտ, Ազատամուտ, Գետահովիտ, Գանձաքար, Վազաշեն, Խաշթառակ, Արծվաբերդ, Այգեձոր, Նավուր, Հաղարծին, Դիլիջան, Բերդավան, Նոյեմբերյան և Կոթի համայնքներից։

Այս փուլում մասնակիցները ծանոթացան կազմակերպությունների (ոչ պետական, հասարակական, միջազգային և այլն) ձևավորման շարժառիթների, նպատակի, տեսակների, ղեկավարման ու վարչարարության, մարդկային ռեսուրսների կառավարման և նշանակության, հաղորդակցության և հանրային կապերի, դրանց ձևերի ու նշանակության վերաբերյալ։ Նաև խոսվեց կազմակերպության արժեքների ու սկզբունքների կիրառման, տեսլականի անհրաժեշտության ու կազմակերպության գործունեության ապահովման նպատակով ներքին ու արտաքին գործածության համար անհրաժեշտ ընթացակարգերի մասին և ներկայացվեցին հաջողված օրինակներ։ Գործնական վարժությունների միջոցով ամրապնդվեց մատուցված տեղեկատվությունը և թեմաները։

Մասնակիցները նաև պետք է անցնեն ծրագրի 2-րդ փուլի առցանց թեսթն ու ներկայացնեն թեմատիկ աշխատանք։

Դասընթացների ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան նաև ներկայացնել գաղափարներ և մշակել դրամաշնորհային ծրագրեր, որոնցից առավել հաջողվածները կֆինանսավորվեն ծրագրի շրջանակում։

Տեղական Ժողովրդավարության Տավուշի մարզի Դպրոցն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ գործընկերությամբ։

Ծանոթացում – (ՏԺԴ)  Ծրագրի նպատակն է պատրաստել ակտիվ և ժողովրդավար երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ տեղական ինքնակառավարման ոլորտում և հարակից գործառնական ոլորտներում, որտեղ նշանակալի դեր կկատարեն ՀՀ հանրային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում։

«Տեղական ժողովրդավարության դպրոցը» իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Հանրային մասնակացություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում։