Skip to main content

«Հաշվետու համայնք, իրազեկ քաղաքացի» ծրագրի շրջանակում շարունակվում են Դիլիջանի համայնքապետարանի մշակութային, գրադարանային, սպորտի ու թանգարանային, երաժշտական ՀՈԱԿ-ների աշխատակիցների վերապատրաստումները։ 4 -օրյա դասընթացը վարել է հրավիրված փորձագետը։  Կառույցների 12 աշխատակիցներ արդեն ձեռք են բերել ռազմավարական պլանավորման անհրաժեշտ կարողություններ ու գիտելիք, և իրենց փորձառությամբ և կառույցների տնօրենությունների հետ միասին կազմել են  2022 թ․ ռազմավարական պլանների նախագծային տարբերակները, գործողությունների ժամանակացույցը։ Հերթական հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Դիլիջանի փոխհամայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Բազինյանը, ՀՈԱԿ-ների և համայնքապետարանի ներկայացուցիչներ, ներկայացվեցին ծրագրի շահառու կառույցների ռազմավարական/աշխատանքային պլանները և գործողությունների ժամանակացույցերը։ Պարոն Բազինյանը կարևորեց համայնքապատկան կառույցների կարողությունների հզորացմանն ուղղված այսօրինակ ծրագրի իրականացումը, նշելով․ «Հասարակական հատվածի հետ մեր համագործակցությունը նշանակալի է կառույցների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման համար։ Նաև կարևորում ենք ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում  այս կառույցների աշխատանքի նոր ձևերի մշակումը, որը կարտացոլվի նաև հետագայում Դիլիջանի Զարգացման պլանում»։ Ծրագրի շրջանակում  համայնքի պաշտոնական կայքում կներդրվի ՀՈԱԿ-ների գործողությունների պարբերաբար հրապարակայանացումը ապահովող նոր գործիք, իսկ համայնքապետարանի հետ հաղորդակցության էլեկտրոնային այլ հնարավորություններից օգտվելու(ինչպես օնլայն դիմում գրել, հետևել որոշումների ընդունմանը ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում ևս)  ուղղված տեղեկատվական սեմինարներ կիրականացվեն խոշորացված համայնքի բնակավայրերում։ ԴԵՀԿ ՀԿ Ծրագրի համակարգող Արարատ Ալիխանյանը հավելեց, որ պատրաստ են ՏԻՄ-երի հետ շարունակել գործակցությունը համայնքի զարգացման ծրագրերի շրջանակում։

Ծրագրի Նպատակն է՝ բարձրացնել Դիլիջան բազմաբնակավայր համայնքի համայնքապետարանի և նրա ենթակա կառույցների  թափանցիկ և հաշվետվողական աշխատելու աստիճանը՝ օնլայն գործիքակազմի կիրառման ուսուցման և կարողությունների, ինչպես նաև գործունեության ռազմավարությունների բարելավման միջոցով։ Ծրագրի հիմնական գործընկերը Դիլիջանի համայնքապետարանն է։

 «Հաշվետու համայնք, իրազեկ բնակիչ» ծրագիրն իրականացվում է «Նորարարություն փոփոխության համար-Հայաստան/I4C Armenia» ծրագրի շրջանակում, որը  ՀՀ-ում  իրականացնում է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն, որը ֆինանսավորվում է TIDES կենտրոնի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: Ծրագրի նպատակն է խթանել համայնքներում քաղաքացիների ակտիվությունը և ներգրավվածությունը՝ ներդնելով ՏԻՄ-երի և քաղհասարակության կազմակերպությունների հաշվետվողականության համակարգեր: