Skip to main content

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը մայիսից իրականացնում է «Հաշվետու համայնք, իրազեկ քաղաքացի» եռամսյա դրամաշնորհային ծրագիրը, որի պաշտոնական բացումը կայացավ մայիսի 31-ին։ Միջոցառմանը ներկա էին Դիլիջան բազմաբնակավայր համայնքի ղեկավարի տեղակալ Ա․Բազինյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքապատկան կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ԴԵՀԿ ՀԿ նախագահ Արթուր Ղազարյանը բացման իր ելույթում հակիրճ ներկայացրեց կազմակերպության իրականացրած և ընթացիկ ծրագրերի մասին և ընդգծեց ՏԻՄ-երի հետ համագործակցության կարևորությունը դրանց իրագործման ընթացքում։

Ծրագրի համակարգող Արարատ Ալիխանյանը ներկայացրեց ծրագրով նախատեսված գործողություններն ու նախաձեռնությունները։ Նախատեսված է Դիլիջան բազմաբնակավայր համայնքի պաշտոնական կայքում գործարկել հատուկ գործիքակազմ, որի միջոցով համայնքապատկան կրթական,մարզական, մշակութային կառույցները հանրությանը կներկայացնեն տարեկան պլանավորված հանրային գործողությունները, կիրականացվի ռազմավարական պլանավորման դասընթաց այդ կառույցների համար։ Մեդիագրագիտության վերաբերյալ ուսուցողական դասընթացներ կկազմակերպվեն 6 բնակավայրերում՝ երիտասարդների և քաղաքացիների մասնակցությամբ՝ համայնքապետարանի պաշտոնական էջից օգտվելու, օնլայն դիմումներ գրելու և համայնքապետարանի հետ հաղորդակցության էլեկտրոնային այլ հնարավորությունների ու մեխանիզմների մասին։ Նորարար գործիքակազմի կիրառման դեպքում ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված հետևանքները հասցնում են նվազագույնի՝ ՏԻՄ-քաղաքացի գործնական հարաբերություններում և բարձրացնում ՀՈԱԿ-ների հաշվետվողականության աստիճանը։

Նշենք, որ ծրագրի նպատակն է՝ բարձրացնել Դիլիջան բազմաբնակավայր համայնքի համայնքապետարանի և նրա ենթակա կառույցների թափանցիկ և հաշվետվողական աշխատելու աստիճանը՝ օնլայն գործիքակազմի կիրառման ուսուցման և կարողությունների, ինչպես նաև գործունեության ռազմավարությունների բարելավման միջոցով։ Ծրագրի հիմնական գործընկերը Դիլիջանի համայնքապետարանն է։

«Հաշվետու համայնք, իրազեկ բնակիչ» ծրագիրն իրականացվում է «Նորարարություն փոփոխության համար-Հայաստան/I4C Armenia» ծրագրի շրջանակում, որը ՀՀ-ում իրականացնում է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն, որը ֆինանսավորվում է TIDES կենտրոնի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: