Նորություններ

Երիտասարդները պատերազմից հետո. արդյունքների ներկայացում

By 06/06/2021June 10th, 2021No Comments

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը 2020 թ․ դեկտեմբերին իրականացրել էր «Երիտասարդները պատերազմից հետո․ մարտահրավերներ, կարիքներ, լուծումներ»  խորագրով առցանց քննարկումներ՝  Շիրակ, Սյունիք, Արագածոտն և Տավուշ մարզերի, Երևանի 31 երիտասարդի մասնակցությամբ։

Նպատակն էր վեր հանել  2020 թ․ սեպտ․27-ին սանձազերծված արցախյան պատերազմից առաջ և հետո երիտասարդների առօրյայում և կենսակերպում տեղի ունեցած փոփոխությունները, սպասելիքները, ծագած մարտահրավերները և հաղթահարման եղանակները, քննարկել երիտասարդների կարիքները հետպատերազմյան փուլում։ 

Քննարկումների արդյունքների ամփոփ վերլուծությունը այս անգամ ներկայացվեց հասարակական կազմակերպություններին և երիտասարդներին։  ԴԵՀԿ ՀԿ  Ծրագրերի համակարգող Արարատ Ալիխանյանը ամփոփ ներկայացրեց զեկույցը, մասնավորապես, թե մինչպատերազմյան և հետպատերազմյան շրջանում երիտասարդները ինչպես են տեսնում իրենց մոտ արժեքային փոփոխությունները, արտակարգ իրավիճակներում ինչպիսի գիտելիքներ ու հմտություններ են անհրաժեշտ նրանց (օր․ արագ կողմնորոշվելու, ռեսուրսների կառավարման ու մոբիլիզացիայի, ռազմավարական մտածողության, խնդիրներ, արժեքներ ու նպատակներ ձևակերպելու, հաղորդակցության և այլ հմտություններ), ինչպես են պլանավորում իրենց ապագա անելիքները և ինչպես  են գնահատում ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի դերը երիտասարդներին՝ ծրագրերի նախագծման ու որոշումների կայացման գործընթացում։ Նաև նշվեց, որ երիտասարդները ընդգծել են մի շարք կարողություններ և հմտություններ հետճգնաժամային առօրյայում կիրառելու համար։ Ներկայացվեցին նաև այն առաջարկությունները, որոնք ձևակերպվել են քննարկումների վերլուծության արդյուքների հիման վրա, մասնավորապես, որ ՏԻՄ-երը և ՔՀԿ-երը պետք է իրենց ծրագրերի ձևավորման գործընթացներում ներգրավվեն երիտասարդներին և գնահատեն նրանց կարիքները, երիտասարդների կարողությունների բարելավման նպատակով կազմակերպել դասընթացներ, նախաձեռություններ, խթանել կամավորությունը և միջհամայնքային համագործակցությունը, ծրագրեր իրականացնել այն համայնքներում, որտեղ ծրագրերը հասանելի չեն։ Զեկույցի ներկայացումից հետո կայացած քննարկման ընթացքում  ՀԿ-երից մեկի ներկայացուցիչը նշեց, որ հիշյալ զեկույցից ակնհայտ է դառնում, որ երիտասարդական զարգացման ծրագրեր իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել, թե երիտասարդին ինչպիսի գիտելիք ու հմտություն է հարկավոր, որպեսզի նա կարողանա արտակարգ իրավիճակներում (համավարակ, հակամարտություն և այլն) լինի պատրաստ և դիմակայուն։

Նախաձեռնությունն իրականացվել է «ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։

«ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է  Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամին են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Թողնել մեկնաբանություն