Մարտի 23-ից Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի կողմից Դիլիջանում մեկնարկել է միջազգային երիտասարդական դասընթաց՝ «ՏԵՍ ՄԻ ԽԱՂ» խորագրով:
Երիտասարդական դասընթացը համախմբել է 22 մասնակիցների ԵՄ եւ հարեւան երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Թուրքիա, Լատվիա, Չեխիա, Մալթա, Հունգարիա, Ուկրաինա, Բելառուս, Ռումինիա եւ Խորվաթիա:
«ՏԵՍ ՄԻ ԽԱՂ» միջազգային դասընթացը (Խթանել ձեռնարկատիրությունը Եվրոպայում» արտահայտության հապավումն է) նվիրված է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ հարեւան երկրների երիտասարդների շրջանում ձեռնարկատիրության նոր մեթոդների տարածմանը: Ծրագրի կազմակերպիչների նպատակն է տարբեր երկրների երիտասարդության հետ աշխատող անձանց, առաջնորդներին, ուսուցանողներին սովորեցնել ոչ ֆորմալ, խաղի վրա հիմնված միջոցառումներ, որոնք օգնում են ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը: Մասնակիցներն ակտիվորեն ներգրավված են տարաբնույթ խաղային միջոցառումներում՝ ստանալով մրցակցությանը եւ համագործակցությանը վերաբերող նոր հմտություններ:
Ամենօրյա պարապմունքների ընթացքում դերախաղերի միջոցով կարեւորվում է ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը: Մասնակիցները մասնավորապես սովորել են երկու այդպիսի խաղեր՝ «Մենյու» մրցակցային դերախաղը եւ «Տոնավաճառ» (FAIR) համագործակցային թղթախաղը: Այդպիսի խաղերն ապահովում են, որ երիտասարդ ձեռնարկատերերն ընդունակ լինեն մրցակցելու շուկայական տնտեսությունում եւ տեսնեն իրենց երկրներից դուրս գտնվող հնարավորությունները:
Ծրագրի ընթացքում մասնակիցներն այցելեցին Երեւան՝ ծանոթանալով հյուրընկալող երկրի՝ Հայաստանի մշակութային առանձնահատկություններին:
Միջազգային դասընթացի պաշտոնական փակումը տեղի ունեցավ մարտի 30-ին: