Skip to main content

Դիլիջան խոշորացված համայնքի բազմաոլորտ զարգացման ու պլանավորման հեռանկարները քննարկվեցին ս․թ․  փետրվարի 16-ին կայացած «Ապագայի Դիլիջանը» խորագրով համայնքային ֆորումում։ Նախաձեռնության նպատակն էր նպաստել համայնքի զարգացման ընդհանրական տեսլականի ձևավորմանը՝ բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների երկխոսության միջոցով։ Հարթակը նաև նպաստում է համայնքի ներգրավվածությանը և ընդհնաուր պատասխանատվության բարձրացմանը համայնքային խնդիրների լուծման համատեքստում, ինչպես նաև օգնում է ապահովելու բնակչի կարծիքի ներառմանը և մասնակցայնությանը որոշումների կայացման գործընթացներում։


Ֆորումին ներկա էին ավելի քան 115 մասնակից՝ տեղական ինքնակավառարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից, կրթական հաստատություններից, ակտիվ խմբերից, համայնքային ենթակայության կառույցներից, բիզնես միջավայրից, գործընկեր՝ Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամից։


 


Ֆորումը բացեց և մասնակիցներին ողջունեց «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Ղազարյանը, նշելով, որ համայնքի տարբեր դերակատարների միջև երկխոսության կայացումը խթանում է հանրային խնդիրների, տեսլականի շուրջ բազմակարծիք միջավայրի ձևավորմանը և լուծումների համար համատեղ ճանապարհների նախանշմանը։  Համայնքի զարգացման տեսլականի և դրա սահմանման ապագայակենտրոն մոտեցուների վերաբերյալ ելույթ ունեցավ փորձագետ Արշավիր Ղուկասյանը։

Ֆորումում քննարկումներն ընթացան հինգ թեմատիկ խմբերում՝ կրթություն, մշակույթ, տնտեսություն, միջավայր (հանրային տարածքներ), սոցիալական հարցեր։ Յուրաքանչյուր խումբ քննարկեց միայն մեկ թեմային առնչվող հարցեր և զարգացման մոտեցումներ, որոնք խմբերի կողմից ընդհանրացված կարգով ներկայացվեցին ֆորումի եզրափակիչ հատվածում։  Ֆորումում հնչած կարծիքներն ու առաջարկները կամփոփվեն փորձագետների կողմից և դրանց հիման վրա կպատրաստվի առաջարկությունների փաթեթ՝ տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնելու նպատակով, որպեսզի դրանք տեղ գտնեն համայնքի տարեկան աշխատանքային պլանում կամ զարգացման այլ փաստաթղթերում։


 

Ստորև կարող եք տեսնել Տավուշ TV-ի կողմից պատրաստված տեսանյութը համայնքային ֆորումի վերաբերյալ․ 

«Ապագայի Դիլիջանը» համայնքային ֆորումը իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։