Ծրագրի նկարագրություն․ 

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը ներկայացնում է «Հմտությունների դպրոց» ծրագիրը, որի նպատակն է հաղթահարել երիտասարդների գործազրկությունը Դիլիջանի համայնքում և հարակից բնակավայրերում։

Նախագիծը նպատակ ունի լուծել փափուկ և կոշտ հմտությունների պակասը, որն այսօր խոչընդոտ է հանդիսանում երիտասարդների աշխատանք գտնելու համար։

2023 թվականին Կազմակերպության կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումը ցույց տվեց, որ Դիլիջան համայնքում երիտասարդների 68.9%-ը գործազուրկ է, իսկ հիմնական պատճառը հմտությունների պակասն է։ 2019 թվականի Ազգային մրցունակության զեկույցի համաձայն՝ նույնիսկ բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդները դժվարությամբ են գտնում աշխատանք, քանի որ պակասում են նրանց գործնական և մասնագիտական հմտությունները։ Այս խնդիրը հատկապես ակնհայտ է մարզերում, որտեղ մասնագիտական կրթության հասանելիությունը սահմանափակ է։

Նպատակը՝ 

«Հմտությունների դպրոց» ծրագրի նպատակն է նվազեցնել գործազրկության մակարդակը Դիլիջանի և հարակից բնակավայրերի(Հաղարծին, Թեղուտ, Խաչարձան, Աղավնավանք, Հովք, Գոշ) երիտասարդների շրջանում՝ նրանց հնարավորություն տալով ձեռք բերել այն հմտությունները, որոնք պահանջվում են աշխատաշուկայում։

Փափուկ հմտությունների ուսուցում․

Մասնակիցները կզարգացնեն հաղորդակցման, թիմային աշխատանքի, առաջնորդության և վերլուծական մտածողության կարևոր հմտությունները։

Անգլերեն լեզվի դասավանդում․

Կանցկացվեն անգլերեն լեզվի դասընթացներ, որոնք կբարձրացնեն մասնակիցների մրցունակությունը աշխատաշուկայում։

Ակնկալվող արդյունքները՝
  • Հմտությունների զարգացում․ Մասնակիցները ձեռք կբերեն անհրաժեշտ հմտություններ, որոնք կօգնեն իրենց մասնագիտական առաջխաղացման մեջ։
  • Աշխատանքի հնարավորություններ․ Ակնկալվում է, որ մասնակիցների 90%-ը կգտնի աշխատանք՝ ծրագրի վերջում կազմակերպված ցանցային միջոցառումների շնորհիվ։
  • Իրազեկում և հնարավորությունների հասանելիություն Ծրագիրը մասնավոր շեշտադրում է անում խոցելի խմբերի, այդ թվում՝ երիտասարդ կանանց վրա՝ նրանց տրամադրելով մրցունակության համար անհրաժեշտ գործիքակազմ։
Երկարաժամկետ ազդեցությունը՝

Ծրագիրը ուղղված է կայուն փոփոխությունների ստեղծմանը։ Տարեցտարի «Հմտությունների դպրոցը» կշարունակի ուսուցանել 20 նոր երիտասարդների, նրանց տալով գիտելիքներ և հմտություններ՝ աշխատաշուկայում հաջողելու համար։

Սույն ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության կողմից։