Skip to main content

«Տեղական ժողովրդավարության դպրոց» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի մասնակիցները կրկին հանդիպեցին Դիլիջանում ս/թ մարտի 5-ին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև գործընկեր կազմակերպությունների՝ «Համայնքների ֆինանսիստների միավորման» և «Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի» ներկայացուցիչները։

Հանդիպման նպատակն էր խորհրդատուների աջակցությամբ ծրագրի մասնակիցների կողմից ներկայացված  դրամաշնորհային առաջարկների բարելավումը, բյուջեի կազզման ու այլ հարցերի քննարկումը։ Ծրագրային առաջարկները հաստատելուց հետո դրանք կյանքի կկոչվեն՝ համայնքային մակարդակներում հանրային քաղաքականությունների բարելավվման, որոշումների կայացման գործընթացում հանրության մասնակցականության բարձրացման, ՏԻՄ-բնակիչ փոխգործակցության զարգացման նպատակով։

Մասնակիցները, ովքեր ներկայացնում են Տավուշի մարզի տարբեր համայնքներ, աշխատելով խորհրդատու-փորձագետների հետ, կարողացան ավելի հստակորեն նախագծել իրենց գաղափարները, մշակել ավելի իրատեսական գործողություններ, կազմել բյուջեի նախնական տարբերակը։

Շուտով ծրագրային փաթեթները կդիտարկվեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից, իսկ հավակնոտ նախագծերը  կֆինանսավորվեն և կիրականացվեն։

Հավելենք, որ դրամաշնորհային հայտեր են ներկայացրել միայն ՏԺԴ-ի շրջանավարտները, ովքեր այս հանդիպման ընթացքում նաև ստացան դպրոցի ավարտման հավաստագրեր։  

Հիշեցնենք, որ ծրագրային գաղափարները պետք է համապատասխանեն ՏԻՄ-երի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության, բնակիչների՝ տեղական ինքնակառավարմանը մասնակցության ապահովմանը, մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը, համավարակի պայմաններում ՏԻՄ-երի գործունեությանը և կարևորությանը, համայնքներում սոցիալական համերաշխությանը և մշակութային բազմազանությանը և այլ ուղղություններին։

Սույն ծրագիրը իրականացվում է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանակներում։ 

Ծանոթացում – (ՏԺԴ)  Ծրագրի նպատակն է պատրաստել ակտիվ և ժողովրդավար երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ տեղական ինքնակառավարման ոլորտում և հարակից գործառնական ոլորտներում, որտեղ նշանակալի դեր կկատարեն ՀՀ հանրային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում։

«Տեղական ժողովրդավարության դպրոցը» իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Հանրային մասնակացություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում։