Երիտասարդների միջազգային տոնի կապակցությամբ Օգոստոսի 12-ին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն մի յուրահատուկ միջոցառում էր կազմակերպել:
Վերջինս կայացավ Դիլիջան քաղաքի կենտրոնական հրապարակում եւ իր շուրջ հավաքեց ոչ միայն տեղի երիտասարդներին, այլ նաեւ Դիլիջանում հանգստացող հայ եւ արտասահմանցի հյուրերին:
Երեկոյի սկիբը նախանշեց հրապարակում հնչող մեղմ երաժշտությունն ու հաճելի լուսավորությունը, որից հետո ՀԿ անդամները ներկաներին բաժանեցին երիտասարդների միջազգային տոնը խորհրդանշող կրծքանշաններ ու դրոշակներ: Հավաքված հյուրերը սկզբում զարմանքով, իսկ հետո մեծ հաճույքով միացան տոնին եւ, համախմբվելով հրապարակի մի անկյունում, ուշադրությամբ լսեցին տոնի մասին պատմող ՀԿ նախագահ` Արթուր Ղազարյանի ելույթն ու բարեմաղթանքները:
Երեկոյի մյուս հատվածում հյուրերին հաճելի անակնկալ էր սպասվում. «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի անդամների առաջարկով՝ նրանք մի քանի խմբերի բաժանվեցին եւ գիշերային 12 թղթե լուսատուների վրա գրեցին իրենց երազանքներն ու ցանկությունները:
Այսպիսով լուսատուներց շատերի վրա կարելի էր տեսնել տարբեր լեզուներով գրված ցանկություններ, որոնց մի մասը հուզիչ , մյուս մասը տարօրինակ, իսկ երորդներն ուղղակի զվարճալի էին: Երեխաներից մեկն օրինակ մեծ հեծանիվ էր ցանկացել, մյուսը՝ շատ գրիչներ, մի երիտասարդ էլ արտասահմանում սովորած կին էր երազում, իսկ իտալացի հյուրերի ցանկությունները, այդպես էլ անհասկանալի մնացին:
Այս գեղեցիկ միջոցառման ոգեւորությունն իր գագաթնակետին հասավ, երբ երիտասարդները խմբերի բաժանված, միասնական ջանքերով ու ուրախության ճիչերով գիշերային լուսատուներին օդ բարձրացրեցին:
Դեռ երկար ժամանակ հրապարակում հավքաված հյուրերը հայացքով կհետեւեին լուսատուներին, եթե նրանք ավելի ու ավելի բարձրանալով չանհետանային գիշերային մթության մեջ՝ իրենց հետ տանելով մի քանի տասնյակ ցանկություններ ու երազանքներ: