Skip to main content

Ս․թ․ հուլիսի 28-ին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ում կայացավ  հանրային քննարկում “Հնարավո՞ր է ժողովրդավարությունն առանց պոպուլիզմի” թեմայով, որը նախաձեռնվել էր Կովկասի ինստիտուտի հետ համագործակցությամբ։  Քննարկման նպատակն էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել պոպուլիզմի հասկացության,  ժողովրդավարության պայմաններում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում պոպուլիզմի կիրառման դեպքերի, պատճառների և հետևանքների վերաբերյալ։  Քննարկանը մասնակցում էին ՀԿ-երի ներկայացուցիչներ, մանկավարժներ, ուսանողներ, մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, բնակիչներ։

Հրավիրյալ բանախոսներն էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և Կովկասի ինստիտուտի  փորձագետ Գոռ Պետրոսյանը:

Գ․ Պետրոսյանը անդրադարձավ պոպուլիզմի հիմնական բովանդակությանը, ներկայացրեց դրա ծագման պատճառները, քաղաքական շրջանակների կողմից տարբեր շահերին ու նպատակներին ձգտելու պարագայում պոպուլիզմի գործադրման դեպքերին՝ բացասական ու դրական առումներով։ Նաև ներկայացվեց ժողովրդավարության զարգացման տարբեր մակարդակներ ունեցող երկրներում պոպուլիզմի տարածված դրսևորումները, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական գործընթացների տարբեր ժամանակահատվածներում պոպուլիզմի արտահայտման ձևերին։ Ընդգծվեց, որ ցանկացած երկրում իշխանության եկած պոպուլիստ գործիչները միտում ունեն հասարակությանը բևեռացնել՝ առաջ քաշելով տարբեր դիմակայություններին մշտապես պատրաստ լինելու պատրանքային և մտածացին գաղափարախոսական կոչեր։

Դ․Իոաննիսյանը խոսեց կառավարման համակարգում պոպուլիզմի դրսևորումների, ժողովրդավարական երկրներում իշխանության ինստիտուտների անկախության կարևորության, պոպուլիստ կառավարողների կողմից պետական կառավարման կարևորագույն օղակների վրա հսկողություն ունենալու անօրինական ու ոչ ժողովրդավարական գործելաոճերի կիրառման փորձերի վերաբերյալ։ Բանախոսը առանձնակի կարևորեց կառավարման օղակների սահմանադրական երաշխիքների հզորացման և թափանցիկության, ինչպես նաև ընտրական համակարգի կայացման վերաբերյալ՝ որպես ժողովրդավարության ամրապնդման և ժողովրդավարությանը սպառնացող կանխատեսելի վտանգների չեզոքացման համար առաջնային ինստիտուտի։

Քննարկմանը ներկաների կողմից բազմաթիվ հարցեր հնչեցվեցին Հայաստանում պոպուլիզմի տարբեր դրսևորումների վերաբերյալ, հատկապես, երբ դրանք ակնառու են ՏԻՄ ու խորհրդարանական ընտրությունների և հետընտրական առօրյայում։

Քննարկումն իրականացվում է “Պատվաստում ընդդեմ անազատ ժողովրդավարության և պոպուլիզմի” ծրագրի շրջանակներում, որն իրագործվում է Կովկասի ինստիտուտի կողմից՝ ԱՄՆ Գերմանական Մարշալ հիմնադրամի “Սևծովյան վստահություն” նախագծի աջակցությամբ: Քննարկման ընթացքում հնչեցրած կարծիքները կարող են չհամընկնել “Սևծովյան վստահության”, Կովկասի ինստիտուտի կամ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն»ՀԿ–ի դիրքորոշումների հետ: