Skip to main content

Դեկտեմբերի 15-ին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության» ՀԿ կողմից կայացավ «Երիտասարդները պատերազմից հետո․մարտահրավերներ, կարիքներ, լուծումներ» թեմայով առցանց քննարկում՝ Տավուշ և Արագածոտն մարզերի երիտասարդների մասնակցությամբ՝ «ԴԱՏԱ․ Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակում ։ Սա երկրորդ նմանատիպ քննարկումն էր։

Քննարկման նպատակն էր վեր հանել սեպտեմբերի 27-ին սանձազերծված արցախյան պատերազմից առաջ և հետո երիտասարդների առօրյայում և կենսակերպում տեղի ունեցած փոփոխությունները, սպասելիքները, ծագած մարտահրավերները և դրանց դիմակայման լուծումները, ինչպես նաև բացահայտել երիտասարդների կարիքները հետպատերազմյան շրջանում։

Մասնակիցները նշեցին, որ համավարակը և հատկապես արցախյան հակամարտությունը էապես  ազդել է Հայաստանի երիտասարդների առօրյայի, զբաղվածության և ներկա ու ապագա անելիքների պլանավորման վրա։  Այնուհանդերձ, մի քանի մասնակից նշեց, որ ՀՀ-ում մնալու ցանկությունը կախված է առաջիկա ներքաղաքական զարգացումներից ու տնտեսական հնարավորությունների կայունությունից։ Մասնակիցները գտնում են, որ այսօրվա երիտասարդներին հարկավոր են ճկունություն, դժվար իրավիճակում արագ կողմնորոշվելու, հաղորդակցվելու, կոնֆլիկտների հաղթահարման,  հանդուրժողականություն դրսևորելու ու այլ հմտություններ։

Այն հարցին, թե ապագայում ինչ պիտի հաշվի առնեն ՏԻՄ-երը, պետական կամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները իրենց ծրագրերն ու ռազմավարությունները կազմելիս, մասնակիցները կարծում են,  որ պետք է լսելի լինի երիտասարդի իրական ձայնը և երիտասարդների կարծիքը պետք է տեղ գտնի  համայնքային կամ պետական զարգացման  ծրագրերում։

Սահմանամերձ համայնքից մի մասնակցի կարծիքով, սահմանամերձ համայնքների երիտասարդների ներգրավվմամբ ևս անհրաժեշտ է իրականացնել ինքնազարգացումն ու կենսագործունեության տարբեր ոլորտներում նրանց մասնակցականությունն, կամավորությունը խթանող ծրագրեր։  Իրենց ներուժը կրկին օգտագործելու պատրաստակամությունը երիտասարդները պահպանում են, որը կարևոր գործոն է կրկին առօրյա վերադառնալու և նոր ձեռքբերումներ ունենալու համար։

Քննարկման օրակարգի շուրջ կարևոր կարծիքները, դիտարկումները և առաջարկությունները կօգնե երիտասարդական ծրագրերն ավելի թիրախային և արդյունավետ իրականացնելու, ավելի շատ երիտասարդների հետ աշխատելու, երիտասարդների մասնակցականությունը կյանքի տարբեր ոլորտներում խթանող ճանապարհներ ու մեթոդներ մշակելու համար։

 

«ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։

 Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: