Skip to main content

Դեկտեմբերի 9-ին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ կողմից կայացավ «Երիտասարդները պատերազմից հետո․ մարտահրավերներ, կարիքներ, լուծումներ» թեմայով առցանց քննարկում՝ Տավուշ, Արագածոտն և Շիրակ մարզերի երիտասարդների մասնակցությամբ՝ «ԴԱՏԱ․ Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակում։

«ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։

Քննարկման նպատակն էր վեր հանել սեպտեմբերի 27-ին սանձազերծված արցախյան պատերազմից առաջ և հետո երիտասարդների առօրյայում և կենսակերպում տեղի ունեցած փոփոխությունները, սպասելիքները, ծագած մարտահրավերները և դրանց դիմակայման լուծումները, ինչպես նաև բացահայտել երիտասարդների կարիքները հետպատերազմյան շրջանում։ Քննարկման ընթացքում մասնակից երիտասարդները խոսեցին մինչպատերազմյան և հետպատերազմյան շրջանում երիտասարդների դերի, իրենց կենսակերպի վրա ազդեցությունների, ապագա պլանների, կարիքների և տարբեր պետական ու ոչ պետական կառույցների հետ երիտասարդների աշխատանքի հնարավորությունների վերաբերյալ։

Կարծիքներ ու մտքեր փոխանակվեցին, թե ինչպիսի հմտություններ ու կարողություններ են անհրաժեշտ ներկա իրավիճակում երիտասարդների ներուժը պահպանելու և ավելի հզորացնելու՝ հանուն իրենց համայնքների ու երկրի զարգացման նպատակով։ Նաև նշեցին, որ հանրության շրջանում շատ համամարդկային արժեքներ վերաիմաստավորելու խնդիր կա, որի համար անհրաժեշտ է երիտասարդության համախմբում և տարբեր ոլորտներում նրանց մասնակցականության խթանում։

Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: