Skip to main content

Դեռևս 2020 թ․ դեկտեմբերին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը նախաձեռնել էր «Երիտասարդները պատերազմից հետո․ մարտահրավերներ, կարիքներ, լուծումներ»  թեմայով երիտասարդական առցանց քննարկումներ՝  Շիրակ, Սյունիք, Արագածոտն և Տավուշ մարզերի, Երևանի 31 երիտասարդների մասնակցությամբ։ Քննարկումների  նպատակն էր վեր հանել  2020 թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված արցախյան պատերազմից առաջ և հետո երիտասարդների առօրյայում և կենսակերպում տեղի ունեցած փոփոխությունները, սպասելիքները, ծագած մարտահրավերները և դրանց դիմակայման լուծումները, բացահայտել երիտասարդների կարիքները հետպատերազմյան շրջանում։  Քննարկումների արդյունքները վերլուծվել են և կազմվել է զեկույց, որում  ներկայացված են երիտասարդների հետ քննարկումների արդյունքում դուրս բերված մինչպատերազմյան և հետպատերազմյան շրջանում նրանց արժեքային փոփոխությունները, ճգնաժամային իրավիճակներում և, առհասարակ, նրանց անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները, ապագայի հանդեպ պլանները և դրանց մասին պատկերացումները, ինչպես նաև ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի դերը երիտասարդներին ներգրավելու և նրանց համար առավել թիրախային ծրագրեր իրականացնելու հարցերը, վերլուծության հիման վրա դուրս բերված առաջարկները։ Նախաձեռնությունն իրականացվել է «ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակում։

Ս/թ մայիսի 5-ին զեկույցը ներկայացվեց ԴԱՏԱ ծրագրի կոնսորցիումի գործընկերներին՝ առցանց ձևաչափով։ Ներկայացվեց, որ ճգնաժամային՝ համավարակի և նախապատերազմական ու հետ պատերազմական իրավիճաներում երիտասարդները իրենց համար կարևորել են հայրենասիրության, համախմբվածության, նորարարական ոգի ունենալու արժեքները, միևնույն ժամանակ նշել են անհանդուրժողականության, ատելության խոսքի տարածման բացասական երևույթների արմատավորման մասին։ Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում, թե ճգնաժամային իրավիճակները ինչպես են ազդել երիտասարդների կրթության, զբաղվածության և այլ ոլորտներում նրանց ներգրավվածության վրա և ինչպես են տեսնում դրանց հաղթահարման ուղիները։ Մատնանշվեց, որ երիտասարդների մասնակցականությունը որոշումների կայացման ու ներգրավվածության մակարդակներում բարձրացնելու համար կարևոր է ՔՀԿ-երի և ՀԿ-երի դերը և նրանք պետք է իրենց ծրագրերը կազմելիս հաշվի առնեն երիտասարդների կարիքները և պահանջմունքները։ Կարևորվել է նաև կամավորությունը, որը հատկապես առանձնահատուկ կերպով է արտահայտվել պատերազմի օրերին։

Հատկանշական է, որ հետպատերազմական իրավիճակը և ներքին քաղաքական անորոշությունը իրենց հերթին ստեղծել են նաև անորոշություն երիտասարդների շրրջանում անհատական մակարդակում որոշումներ կայացնելու հարցում, ինչպիսիք են Հայաստանում մնալու կամ չմնալու խնդրի հետ կապված։ Նաև դրան գումարվում է հոգեբանական ապրումները, հարազատների կորուստը, չլուծված որոշ սահմանային հարցեր, հետկոնֆիկտային սթրեսը։ Երիտասարդներից ոմանք նշում են, որ կայուն ու անվտանգ միջավայրի առկայությունն է նախապայման այստեղ մնալու հեռանկարի մասին մտածելու կամ հեռանալու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Այնուամենայնիվ, շատ երիտասարդներ իրենց ապագան տեսնում են Հայաստանում։  Նաև նշվեց, որ երիտասարդները նշել են, որ իրենց անհրաժեշտ են մի շարք կարողություններ և հմտություններ հետճգնաժամային առօրյայում կիրառելու համար․ արագ կողմնորոշվելու, ռեսուրսների կառավարման ու մոբիլիզացիայի, ռազմավարական մտածողության, խնդիրներ ու նպատակներ ձևակերպելու, հաղորդակցության և այլ հմտություններ։

Ներկայացվեցին նաև առաջարկությունները, որոնք այդ քննարկման վերլուծության արդյունքում արձանագրվել են․  

  • ՏԻՄ-երը և ՔՀԿ-երը պետք է իրենց ծրագրերի ձևավորման գործընթացներում ներգրավվեն երիտասարդներին, գնահատեն նրանց կարիքները։
  • Երիտասարդների կարողությունների ու առաջնային ունակությունների հզորացման նպատակով կազմակերպել դասընթացներ, նախաձեռություններ, խթանել կամավորությունը, ծրագրեր իրականացնել այն համայնքներում,որտեղ ծրագրերը հասանելի չէն, խթանել միջհամայնքային կապերը
  • Երիտասարդների հետ աշխատել՝ հոգեբանական, անկայունության մտահոգություններն ու անհանգստություններ հաղթահարելու, ճգնաժամանին իրավիճակներում ուղիներ գտնելու կարողություններ ձեռք բերելու նպատակով։

Այս հանդիպման ընթացքում որոշվեց նաև նմանատիպ քննարկումները երիտասարդների շրջանում կրկին իրականացնել՝ պարզելու պատերազմին հաջորդած ժամանակահատվածում այլ մարզերի երիտասարդների մոտ փոփոխությունները արժեքային, կենսակերպային ու այլ համատեքստում։