Ս․թ․ հունիսի 24-ին, ՀՀ մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների շուրջ 65 ներկայացուցիչներ հավաքվել էին Դիլիջանի ԴՈՒԿՈ երիտասարդական կենտրոնում՝ քննարկելու «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը։ Քննարկումները տեղի էին ունենում երկու դահլիճներում։
Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) կողմից՝ «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» հայկական մասնաճյուղի և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի ակտիվ ներգրավմամբ։
«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը մշակվել է ԿԳՄՍ նախարարության կողմից, ինչը սահմանված է Կառավարության 2021-2026 թվականների գործողությունների ծրագրով։ Օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի և ոլորտի դերակատարների, փորձագետների ու երիտասարդության միջև քննարկումներից, ինչպես նաև վերջնական մշակումից հետո նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը։
Հանդիպումն իրականացվել է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում, որն էլ հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: