Skip to main content

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը մեկնարկել է Երիտասարդների պոզիտիվ
զարգացման (ԵՊԶ) հայեցակարգի հիմքով մշակված #YPAT (Youth Programing Assessment Tool Kit)
Երիտասարդական ծրագրերի գնահատման գործիքի կիրառումը՝ համագործակցելով երիտասարդական ծրագրեր
իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ։ Ս․թ դեկտեմբերի 18-ին «Դիլիջանի համայնքային
կենտրոն» (ԴՀԿ) ՀԿ-ի աշխատակազմը մասնակցեց գործիքով՝ իր երիտասարդական ծրագրերի գնահատման
աշխատաքային հանդիպմանը։ Գործիքը օգնում է երիտասարդական կազմակերպություններին չափել
երիտասարդական ծրագրերի իրականացման արդյունավետությունն ու բացահայտել բարելավման և զարգացման
կարիք ունեցող ոլորտները։

Գործիքի չորս տիրույթներով՝ միջոցներ ու կարողություններ, ներդրում, նպաստող միջավայր և կազմակերպական
կարողություններ, և չափորոշիչներով վերլուծվեցին ԴՀԿ ՀԿ-ի ընթացիկ երիտասարդական ծրագրերը, որակական և
քանակական տվյալները, ձևակերպվեցին առաջարկություններ ծրագրերի արդյունավետությունն ավելի բարձրացնելու
և զարգացման կարիք ունեցող ոլորտների, կազմակերպական կարողությունների ավելի բարելավման համար։ ԵՊԶ
միջոցով գնահատման գործընթացներում կընդգրկվեն նաև երիտասարդական ծրագրեր իրականացնող այլ
կազմակերպություններ։

«Երիտասարդների պոզիտիվ զարգացում» գործիքը հիմնված է FHI 360 կազմակերպության կողմից մշակված
մոտեցման վրա և տեղայնացվել է Հայաստանում՝ «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար»
(ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում։

ԵՊԶ երիտասարդներին ու նրանց ընտանիքներին ներգրավում է համայնքների և կառավարությունների հետ
երիտասարդության ներուժն իրացնելու գործընթացում։ ԵՊԶ ծրագրերը վկայում են, որ բավարար գիտելիքներ,
հմտություններ և աջակցություն ստանալով՝ երիտասարդները կարող են բարելավել իրենց առողջական վիճակը,
հասնել կրթական ու տնտեսական հաջողությունների, ինչպես նաև ներգրավվել և նշանակալի ներդրում ունենալ
համայնքային զարգացման մեջ:

«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) Ծրագիրն իրականացվում է ԴԱՏԱ
կոնսորցիումի (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ՍՈՑԻԵՍ փորձագիտական կենտրոն, Բուն TV
հիմնադրամ, Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ, ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր ՀԿ)
կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ։ «Տվյալներ
հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի նպատակ է նպաստել փաստահեն
քաղաքականությունների մշակման գործընթացի կատարելագործմանը՝ հզորացնելով ՔՀԿ–ների՝ հուսալի և ողջամիտ
տվյալներ գործածելու, դրանք վերլուծելու և արդյունավետորեն հաղորդելու, փորձագիտական գիտելիք և
հմտություններ ձևավորելու և այլ շահագրգիռ կողմերից աջակցություն ստանալու կարողությունները։