Սույն թվականի մարտի 29–ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը։ Կենտրոնը ստեղծվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ–ի համագործակցության արդյունքում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «Երիտասարդական կենտրոնների ստեղծման» նպատակով հայտարարված դրամաշնորհի շրջանակներում։


Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամներ, մարզի երիտասարդական կառույցների, ինչպես նաև այլ համայնքների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման առաջին հատվածում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ նախագահ՝ Արթուր Ղազարյանը ողջունեց հյուրերին՝ ներկայացրեց «ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոնի սրահներն ու դրանց գործառնական նշանակությունը։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։
Միջոցառումը եզրափակեց «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ–ի ծրագրերի ղեկավար Աիդա Աթաբեկյանը՝ ներկայացնելով «ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոնի աշխատանքային պլանն ու առկա ծրագրերը։
Նշենք, որ «ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոնի նպատակն է Դիլիջան խոշորացված համայնքի երիտասարդների /այդ թվում NEET երիտասարդների/ ներգրավման համար հատուկ պայմաններ ու հնարավորություններ ստեղծելու միջոցով` նպաստել նրանց կարողությունների զարգացմանը, նոր հմտությունների ու գիտելիքների ձեռքբերմանը, մոտիվացմանն ու ներուժի բացահայտմանը, սոցիալականացմանը, զբաղվածության խթանմանը, առողջ ապրելակերպին, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, շարժունությանը /ՀՀ տարածքում, արտասահմանում/ և տեղական մակարդակով որոշումների կայացմանը երիտասարդների ներգրավմանը։
Կենտրոնը նախատեսում է տարեկան կտրվածքով ունենալ 600-800 շահառու, ովքեր կմասնակցեն առաջարկվող բազմապրոֆիլ միջոցառումներին՝ սկսած ոչ ֆորմալ կրթական մեթոդներով
կարողությունների բացահայտման ու զարգացման դասընթացներից վերջացրած հետազոտական, վերլուծական աշխատանքով ու համայնքային խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններով։
Պլանավորվող կրթական միջոցառումներից զատ նախատեսվում է կազմակերպել համայքի անդամների ինտելեկտուալ ժամանցը, որին մասնակից կդառնան ոչ միայն երիտասարդները, այլև՝
համայնքի տարբեր տարիքի անձիք, իսկ մանկահասակ երեխաներ ունեցող մայրիկների համար կենտրոնում կգործի երեխաների խնամքի ու ժամանցի սենյակ՝ ավելի դյուրին դարձնելով մայրիկների՝ կենտրոնի ծառայություններից օգտվելու գործընթացը։
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ–ն, որի անմիջական նախաձեռնությամբ ստեղծվել և գործարկվում է «ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոնը, ունի 15 տարվա փորձ երիտասարների, կանանց, սոցիալապես առավել խոսելի խմբերի հետ տարաբնույթ ծրագրերի իրականացման գործում։ Ուստի «ԴՈՒԿՈ» երիտասարդական կենտրոնի ստեղծումը լավագույն աջակցությունը կդառնա ՀԿ–ի աշխատանքներին՝ ավելի լայնամասշտաբ ու արդյունավետ դարձնելով այս հանրօգուտ գործունեությունը։
⇓Ստորև ներկայացնում ենք ՀՀ լրատվամիջոցների անդրադարձերը «ԴՈՒԿՈ» երիտասարդական կենտրոնի բացման վերաբերյալ։