Skip to main content

Արդեն տևական ժամանակ է, ինչ Դիլիջան խոշորացված համայնքի (Դիլիջան, Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Խաչարձան, Աղավնավանք, Հովք) 20-30 տարեկան երիտասարդ կանայք և աղջիկները ակտիվ մասնակցում են «Կանանց ձեռներեցության առաջնորդության ուսումնական ճամբար» (WELL Camp) ծրագրին: Ծրագիրն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմեկերպության կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:

Ծրագրի շրջանակներում կազմակերպվում են ձեռնարկատիրական կրթության դասընթացներ, որոնք պլանավորվել ու անց են կացվում առցանց, որպեսզի մասնակից աղջիկներն ու կանայք կարողանան իրենց առօրյա աշխատանքների հետ համատեղելով՝ մասնակցեն հանդիպումներին։ Աղջիկներն արդեն ծանոթացել ու ուսումնասիրել են գործարարությամբ զբաղվելու համար հիմնարար թեմաների, ինչպիսիք են բիզնես գաղափարի գեներացումը, բիզնես պլանի ստեղծումը, կազմակերպությունների կազմակերպաիրավական տեսակները (օրինակ՝ ԱՁ-ի և ՍՊԸ-ի միջև տարբերությունը), մարքեթինգի ռազմավարական պլանավորումն ու դրա բնութագրերը, ապրանքի կամ ծառայության նկարագրությունը, գնային քաղաքականությունը, գնագոյացման վրա ազդող գործոնները: Ակտիվ փուլում է Բիզնես կտավի բաղադրիչների ուսումնասիրությունը, որի արդյունքում մասնակիցները կունենան իրենց բիզնես գաղափարի ավարտական տեսքը։

Դասընթացների կարևոր բաղադրիչ է նաև հյուր-խոսնակների հյուրընկալելը, որոնք կիսվում են իրենց սեփական փորձուվ ու խրախուսում մասնակից կանանց ու աղջիկներին։

Դասընթացի ընթացքի ու ստացած գործնական հմտությունների մասին խոսել ենք մեր մասնակիցներից՝ Աննա Հարությունյանի հետ, ով ունենալով բարձրագույն կրթություն ու մասնագիտացում, ուժերը փորձում է նաև սեփական բիզնեսի կայացման գործում։

– Աննա, արդյո՞ք դասընթացն արդարացնում է Ձեր սպասելիքները:

– Դասընթացին մասնակցում եմ մեծ սիրով և պատրաստակամությամբ։ Սկզբում մտածում էի, որ ամեն ինչ ավելի մակերեսային կլինի, բայց ի ուրախություն ինձ՝ ամեն ինչ քննարկվում է շատ մանրամասն ու խորքային կերպով, բացատրվում են բոլոր կոնցեպտները, հնչած հարցերին տրվում են լիարժեք և սպառիչ պատասխաններ։ 

– Ի՞նչ գործնական գիտելիքներ է տալիս դասընթացը Ձեզ:

– Նախքան ծրագրին մասնակցելը երկու անգամ փորձել էի ծրագիր գրել արդեն իսկ պատրաստի մակետի վրա: Պատասխանել էի հարցերին, ձևակերպել մտքերս և անցել առաջ: Բայց ծրագրի ընթացքում ունեցած մանրամասն քննարկումների արդյունքում զգում եմ, որ շատ բան մեխանիկորեն եմ արել և սխալներս ավելի տեսանելի են դառնում: Հիմա գաղափարներիս ավելի իրատեսականորեն եմ մոտենում և վերլուծելով այն բաժինները, որոնք հասցրել ենք ուսումնասիրել, կիրառում եմ դրանք` գաղափարս կյանքի կոչելու գործում։

Ծրագրի շրջանակում կանայք և աղջիկները հնարավորություն են ստանում ձեռք բերել նոր հմտություններ ու գիտելիքներ՝ կոտրելով կարծատիպերը։


«Կանանց ձեռներեցության և առաջնորդության ուսումնական ճամբար» ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: