Դեկտեմբերի 8-13-ը Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչները փոխանակման այցով Գերմանիայի Բրեմեն քաղաքում էին:
Այցի ընթացքում մեր թիմն այցելեց մի շարք կազմակերպություններ՝ ծանոթանալու նրանց գործունեությանը և քննարկելու ոլորտային խնդիրներ:
Այցը կազմակերպվել էր գերմանական Constructify Media կազմակերպության աջակցությամբ, որի ներկայացուցիչները ուղեկցում էին մեզ ամբողջ ծրագրի ընթացքում:Constructify Media-ն ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է մեդիայի մասնագետներին, բնապահպաններին և սոցիալական գիտությունների փորձագետներին։ Կազմակերպությունը գործում է կառուցողական լրագրության սկզբունքներով՝ խթանելով մեդիա լուսաբանում, որը ոչ միայն ցույց է տալիս խնդիրները, այլև առաջարկում է լուծումներ։
Կառուցողական լրագրությունը, որը սկիզբ է առել Դանիայում և ԱՄՆ-ում, առաջարկում է այլընտրանք ավանդական մեդիայի հաճախ բացասական ազդեցությունը։ Այն չի ներկայացնում աշխարհը «վարդագույն ակնոցներով», այլ հավասարակշռված մոտեցմամբ փորձում է լուսաբանել թե՛ մարտահրավերները, թե՛ դրանց հաղթահարման ուղիները։
Կառուցողական լրագրությունը խրախուսում է մտածել ոչ թե «ինչո՞ւ են այսքան խնդիրներ աշխարհում», այլ՝ «ինչպե՞ս կարող ենք դրանք լուծել»։ Այս մեթոդը կենտրոնանում է համայնքների դրական կողմերի, լուծումների և հաջողությունների վրա՝ փորձելով ներշնչել լսարանին և փոխանցել հավատ՝ փոփոխությունների հնարավորության հանդեպ։
Հիմնական այցեր և գործունեության ուղղություններ․
Lidice Haus
Այս կենտրոնը ներառում է LidiceHaus երիտասարդական կրթական կենտրոնը և տեղեկատվական բյուրոն: Այն Բրեմենի կենտրոնում գտնվող ոչ առևտրային հարթակ է, որը տրամադրում է կրթական ծրագրեր երիտասարդների, ուսուցիչների, ծնողների և մասնագետների համար:
Ուրույն հարթակ՝ նվիրված Եվրամիության և ԵՄ-ի ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության տարածմանը: Այստեղ պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ, ուսումնական այցեր և միջոցառումներ՝ տեղական երիտասարդության, ազգային փոքրամասնությունների և հյուրերի մասնակցությամբ:
Բրեմենի Պետական մեդիայի վերահսկողության կենտրոն
Այստեղ հանդիպեցինք իրավաբան Ինգո Նավեի հետ՝ քննարկելու Գերմանիայի մեդիա օրենսդրության առանձնահատկությունները: Ներկայացվեցին նաև մեդիադաշտի կարգավորումները Հայաստանում, ինչը նպաստեց փորձի փոխանակմանը:
Ռադիոկայանների և հեռուստատեսային հաղորդումների ստեղծման առաջատար կենտրոն: Մեր թիմը հնարավորություն ունեցավ հետևելու հեռուստատեսային բովանդակության ստեղծման գործընթացին, մասնակցելու ուղիղ եթերների պատրաստման փուլերին և ծանոթանալու ոլորտի տեխնիկական նրբություններին:
Ավելին՝ մշակութային տպավորությունների մասին
Այցը հարստացավ նաև մշակութային ու տեղեկատվական միջոցառումներով, որոնք բացահայտեցին Բրեմենի բազմազանությունը: Հատկապես տպավորիչ էր քաղաքի պատմական կենտրոնը՝ իր միջնադարյան ճարտարապետությամբ, նեղլիկ փողոցներով և տիպիկ գերմանական կարմիր աղյուսե շինություններով:
Դեկտեմբերյան այցի առանձնահատուկ մասը Բրեմենի Christmas Market-ն էր, որը համարվում է Եվրոպայի ամենագեղեցիկ տոնավաճառներից մեկը։ Այն հիացնում էր տոնական լույսերով, ավանդական ձեռագործ իրերով, և տաքացնող տիպիկ գերմանական խմիչքներով, որոնք ստեղծում էին իսկական ամանորյա մթնոլորտ: