Skip to main content

Ապրիլի 19-ից 27-ը Ծաղկաձորում անցկացվեց միջազգային երիտասարդական դասընթաց՝ «Ավելի շատ կամավորներ» խորագրով:

Միջազգային դասընթացին մասնակցում էին 24 մասնակիցներ ԵՄ եւ հարեւան երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Բուլղարիա, Ուկրաինա, Ռումինիա եւ Պորտուգալիա:

«Ավելի շատ կամավորներ» դասընթացը (անգլերեն «MORE» բառը «Կամավորներին հասնելու եւ հզորացնելու հնարավորությունների բազմապատկում» արտահայտության հապավումն է) նպատակ ունի հասնելու եւ հզորացնելու այն կազմակերպություններին, որոնք աշխատում են երիտասարդների հետ՝ բարելավելու կամավորության որակը՝ կամավորների անձնական եւ մասնագիտական զարգացումը ավելի բարձր աստիճանի հասցնելով:

7-օրյա դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեին ուսումնասիրելու երիտասարդների համար կամավորության հնարավորությունների զարգացման եւ տարածման առանցքային սկզբունքները, համալրման եւ ընտրության լավագույն փորձը եւ մի շարք արդյունավետ եւ օգտակար մեթոդներ՝ երիտասարդներին աջակցելու եւ ճիշտ ղեկավարելու համար:

Ծրագրի ընթացքում լայնորեն կիրառվել են ոչ ֆորմալ կրթության տարատեսակ գործիքներ, օրինակ՝ սեմինարներ, բանավեճեր, վարժություններ, հետադարձ կապի եւ գնահատման հանդիպումներ, մշակութային երեկոներ եւ այլն: Ծրագրային օրերի ընթացքում «Դեպի Հայք» հիմնադրամից, Հայկական կամավորական կորպուսից, Հայաստանյան երիտասարդական բանկից եւ ԱՄՆ Կամավորական կորպուսից հրավիրված կամավորներն իրենց փորձով կիսվեցին մասնակիցների հետ՝ ներկայացնելով նաեւ իրենց առօրյան, բարդություններն ու այլ մարտահրավերներ, ինչպես նաեւ կամավորության օգտավետությունն ու արժեքը:

Մասնակիցներն իրենք էլ ներդրում ունեցան կրթական գործընթացում՝ ներկայացնելով իրավիճակն իրենց հասարակություններում, կիսվելով նաեւ իրենց ներկայացրած կազմակերպությունների լավագույն փորձով:

Դասընթացի ընթացքում մասնակիցներն այցելեցին «Սեւանի երիտասարդական կազմակերպություն» ՀԿ, ինչպես նաեւ` Երեւան՝ բացահայտելով հյուրընկալող երկրի՝ Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությունն ու ազգային առանձնահատկությունները:

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի ֆինանսավորմամբ, «Զարգացման եւ համագործակցության ակադեմիա» հասարակական կազմակերպության հյուրընկալմամբ եւ «Դիլիջանի երիտասարդության համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ: