Skip to main content

Եվրոպական միության աջակցությամբ և Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում Դիլիջանում կայացավ Փախստականների համայնքային խորհրդի առաջին նիստը, որը հյուրընկալեց Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ-ն։

Նիստին մասնակցեցին Դիլիջանի համայնքային խորհրդի 15 անդամներ։

Քննարկման ընթացքում ընտրվեցին խորհրդի երկու համանախագահներն ու քարտուղարը, ինչպես նաև հաստատվեց խորհրդի աշխատանքային պլանը։

Փախստականների համայնքային խորհուրդների ձևաչափը նպատակ ունի ակտիվացնել, հզորացնել և ներգրավել տեղահանված անձանց՝ հնարավորություն տալով նրանց բարձրաձայնել սեփական խնդիրները և մասնակցել դրանց լուծման գործընթացներին։

Հենվելով «Ոչինչ իմ մասին՝ առանց ինձ» սկզբունքի վրա՝ նիստերը կկազմակերպվեն ամսական մեկ անգամ՝ նպատակ ունենալով քննարկել համայնքի անդամների կողմից առաջ քաշված խնդիրներն ու կարիքները և համատեղ մշակել դրանց լուծման ուղիները։

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից:

Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղից փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։