
”Առաջնորդությունը` տեսլականը իրականության փոխակերպելու կարողությունն է։
Վարեն Բեննիս
2021թ տարեվերջին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը սկսեց իրականացնել «Կանանց ձեռներեցության և առաջնորդության կրթական ճամբար»(WELL Camp) ծրագիրը, որի նպատակն է զարգացնել կանանց ձեռնարկատիրական և առաջնորդական հմտությունները, որոնք իրենց հերթին կնպաստեն նաև նրանց կյանքի որակի բարելավմանը։
Ծրագրի առաջին կիսամյակում` ոլորրտի փորձագետներ Սիլվա Մեսրոպյանի և Լիլիթ Արզոյանի առաջնորդմամբ մասնակից 20 երիտասարդ կանայք և աղջիկները իրենց գիտելիքներն ու հմտությունները զարգացրին գործնական և տեսական դասերի միջոցով, որոնց ընթացքում նրանք խորապես ուսումնասիրել են գաղափարի ձևակերպման հիմնարար սկզբունքները, անդրադարձել բիզնես մոդելի կառուցամը, ռեսուրսների բաշխմանը, ֆինանսական կառավարմանը, ինչպես նաև մարքեթինգին։


Այժմ հիմնական շեշտը դրված է մասնակիցների առաջնորդական հմտությունները զարգացնելու և/կամ բարելավելու վրա, որի շնորհիվ նրանք օրեցօր դառնում են առավել ինքնավստահ և հաստատակամ իրենց իսկ նախաձեռնություններում։ Առաջնորդության դասերն անց են կացվում ոլորտի փորձագետ Արարատ Ալիխանյանի կողմից։ Դասերի հիմնական աղբյուր է հանդիսանում Սթիվեն Քովիի «7 ամենաարդյունավետ մարդկանց սովորույթները» գիրքը։
Ավելին, կան մասնակիցներ ովքեր նշել են ծրագրի շրջանակներում իրենց անձնային աճի մասին, քանի որ նրանք ձեռք են բերել այնպիսի մնայուն և կենսունակ կարողություններ և հմտություններ, որոնք, իրենց խոսքով, վստահ կարող են կիրառել իրենց հետագա գործունեության մեջ։
Գիտակցումը, որ փոքր համայնքներում ապրող կանայք և աղջիկները ևս կարողունակ են և ի վիճակի դնել հստակ նպատակ և ինքնուրույն հասնել ցանկալի արդյունքի քայլ առ քայլ իրատեսական է դառնում ծրագրի մասնակիցների շրջանում, ինչն էլ ոչ հեռու ապագայում կապահովի ծրագրի հիմնական նպատակի իրականացումը։
«Կանանց ձեռներեցության և առաջնորդության կրթական ճամբար» ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: