Skip to main content

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ ««Համազարկ» համայնքների զարգացման և մասնակցային կառավարման միավորում» կոալիցիայի անդրանիկ նիստը, որին մասնակցեցին անդամ 34 հասարակական կառույցներից 20-ի ներկայացուցիչները:

«Համազարկ» կոալիցիան ստեղծվում է «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ իր գործընկերներ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Տեղեկատվական համակարգերի զարգացման եվ վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը, ով կարևորեց կոալիցիայի ստեղծումը՝ որպես հանրությանը առաջիկայում տեսանելի արդյունք ապահովող կառույց: «Մենք գիտենք, որ շատ կոռուպցիոն ռիսկեր կան հենց ՏԻՄ-երի մատուցած հանրային ծառայությունների ոլորտում, և դա հանգեցնում է քաղաքացիների դժգոհությանը: Շատ կարևոր է, որ այս կոալիցիան զբաղեցնի այս բաց տեղը և աշխատի այդ ուղղությամբ: Հետագայում ԵՄ աջակցությամբ կարողությունների զարգացման շնորհիվ կոալիցիաները կկարողանան ավելի լուրջ արդյունքներ արձանագրել: Մաղթում եմ ձեզ բարի երթ»,-նշեց Կարեն Զադոյանը:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշեց, որ թեև Հայաստանում կան ՏԻՄ ինստիտուտներ, սակայն դեռևս չկա ՏԻՄ մշակույթ, ուստի այս կոալիցիան կարող է մեծ դեր խաղալ դրա ձևավորման գործում: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև կոալիցիայի ստեղծման նախաձեռնող կոնսորցիումի անդամ կազմակերպությունների՝ «Կոմպասս» ՀԿ նախագահ Ղարիբ Հարությունյանը, «ՀԿ կենտրոն» ՀԿ նախագահ Արփինե Հակոբյանը, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն » ՀԿ նախագահ Արթուր Ղազարյանը:

Այնուհետև «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի ղեկավար Հայկարամ Դրմեյանի կողմից ներկայացվեց արդեն իրականացված աշխատանքները և առաջիկա ծրագրերը:

Ղարիբ Հարությունյանի կողմից ներկայացվեց ստեղծվող կոալիցիայի կանոնակարգը, որը դրվեց քննարկման: Կոալիցիայի անդամների կողմից կարևորվեց այն, որ կոալիցիայի բոլոր անդամները ունենան իրական մասնակցություն աշխատանքներին, ինչպես նաև կրեն որոշակի պատասխանատվություն: Որոշում կայացվեց ստեղծել կոալիցիայի կառավարման խորհուրդ 9 հոգանոց կազմով, ինչպես նաև որոշվեց խորհուրդի ընտրության կարգը: Տվյալ կարգով էլ՝ վիճակահանությամբ ընտրվեց խորհրդի կազմը: Նախնական որոշում կայացվեց հերթական համաժողովը կազմակերպել նոյեմբեր ամսվա երկրորդ կեսին:

Նիստի վերջում կոալիցիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները ստորագրեցին կոալիցիոն հուշագիրը: