Skip to main content

Մարզերի երիտասարդները հզորացնում են իրենց հմտությունները քաղաքականությունների մշակման գործընթացներում ներգրավվելու նպատակով

 

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը «ԴԱՏԱ․ Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակում ս․թ․ հոկտեմբերի 01-03-ը Դիլիջանում իրականացրեց «Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում» եռօրյա դասընթացը:

Դասընթացի նպատակն էր երիտասարդների մոտ ձևավորել և հզորացնել կարողություններ ու հմտություններ հանրային քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման գործընթացում։ Մասնակցում էին 28 երիտասարդ՝ ՀՀ Գեղարքունիք, Տավուշ, Լոռի եվ Շիրակի մարզերից, ԴԱՏԱ ծրագրի գործընկեր կազմակերպություններից։ Դասընթացը վարեցին ոլորտային առաջատար փորձագետներ Աննա Եղոյանը, Զառա Լավչյանը, Գայանե Վարդանյանը, Աննա Ղորուխչյանը և Միքայել Նահապետյանը։

Տեսական ու գործնական թեմաները վերաբերում էին երիտասարդության մասնակցության ձևերին, քաղաքացիական ակտիվիզմին և ջատագովությանը, հանրային քաղաքականությունների ձևավորման և որոշումների կայացման գործընթացներում մասնակցությանը, որոշումների կայացման տեսակներին և մակարդակներին, նաև նախաձեռնող խմբերի ձևավորման ու քազաքացիական ազդեցության տեսակներին։

Երեք օրերի ընթացքում մասնակիցները, ովքեր հասարակական-քաղաքացիական ասպարեզում ունեն որոշակի փորձառություն, ձեռք բերեցին անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ շահերի պաշտպանության ոլորտում քայլերի հաջորդական կազմակերպման, շահագրգիռ կողմերի հետ փոխգործակցության, որոշումների ընդունման փուլերում երիտասարդության ներգրավվածության, համայնքային խնդիրների հանրայնացման ու հանրության մոբիլիզացման ու կառավարման մարմինների վրա քաղաքացիական ազդեցության օրինական տեսակների կիրառման վերաբերյալ։

Մասնակիցներից 16-ամյա Էռնեստը դասընթացի արդյունավետության մասին նշում է հետևյալը․«Այս դասընթացի արդյունքում ծանոթացա այն ճանապարհներին, որոնք անհրաժեշտ են ապահովելու երիտասարդների մասնակցականությունը որոշումների կայացման տարբեր մակարդակներում, հնարավորություն ստացա զարգացնել և հետագայում նաև դրսևորելու հմտություններս ու կարողություններս այս ոլորտում»։

Դասընթացի մասնակիցների շրջանում նաև կհայտարարվի փոքր դրամաշնորհային նախաձեռնություններ իրականացնելու մրցույթ և կֆինանսավորվեն լավագույն գաղափարները։ Նշենք, որ դասընթացի արդյունքում ստեղծվելու է կրթական-ուսուցողական ձեռնարկ  քաղաքականությունների մշակման գործընթացներում երիտասարդների մասնակցության վերաբերյալ՝ վերոնշյալ թեմաների ընդգրկմամբ։  Մասնակիցները ստացան հավաստագրեր։ Համանման դասընթաց կանցկացվի նաև ՀՀ հարավային մարզերի երիտասարդների համար։

«ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։  Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: