Skip to main content

Ս․թ հուլիսի 11-ին Երևանում կայացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հանուն աշխատանքի, հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում իրականացված ենթադրամաշնորհային ծրագրերի արդյունքների ներկայացման միջոցառումը, որը նախաձեռնվել էր ենթադրամաշնորհառու «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից։ 

Ողջույնի խոսքով հանդես եկավ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Նարիա Առաքելյանը, ով կարևորեց  աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերը, մասնավոր և պետական միջոլորտային համագործակցությունը,  հանրային իրազեկության բարձրացումը Հայաստանում աշխատանքային ստանդարտների և զբաղվածությանը վերաբերող իրավունքների վերաբերյալ։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ, ՏՀՏ գործատուների միության, «Կիրակի» զարգացման հիմնադրամի, ենթադրամաշնորհառու կազմակերպությունների, ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ու այլ ՀԿ-ների ներկայացուցիչներ։

Ծրագրի գործընկեր Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը ամփոփ ներկայացրեց ծրագրի ընդհանուր արդյունքները։ 

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը ծրագրի շրջանակում իրականացրել է «MAC. Իմ այլընտրանքային կարիերան» ենթադրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է՝ խթանել այլընտրանքային զբաղվածության, ինքնազբաղվածության և ձեռներեցության  վերաբերյալ գիտելիքների ամրապնդմանը երիտասարդների շրջանում։  Ծրագրի ղեկավար Արարատ Ալիխանյանը ներկայացրեց ծրագրով իրականացված հիմնական գործողությունների արդյունքները․ այլընտրանքային զբաղվածության և ինքնազբաղվածության միւազգային փորձի ուսումնասիրություն, համայնքային համատեքստում այլընտրանքային զբաղվածության և ինքնազբաղվածության խոչընդոտների բացահայտման և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ հետազոտություն Դիլիջան խոշորացված համայնքի 16-30 տարեկան երիտասարդների շրջանում,  4 թեմատիկ տեսանյութերի պատրաստում՝ ինքնազբաղվածության և այլընտրանքային զբաղվածության, ձեռներեցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդության շրջանում իրազեկության աստիճանը բարձրացնելու նպատակով, այլընտրանքային զբաղվածության և ինքնազբաղվածության միջազգային փորձի տեղայնացում տեղական մակարդակում։

Նշվեց, որ ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունները հիմք կարող են հանդիսանալ երիտասարդների կարիքների ավելի հասցեական արձագանքման, աշխատաշուկայում նրանց ինտեգրման, ինքնազբաղվածության և այլընտրանքային զբաղվածության հնարավորությունների խթանման համար։

Ենթադրամաշնորհառու ևս 3 կազմակերպություններ ներկայացրեցին իրենց ծրագրերի արդյունքները։

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ նախագահ Արփինե Երիցյանը ներկայացրեց «Երիտասարդները հանուն հավասար աշխատանքային իրավունքների» ծրագիրը, որի շրջանակում իրականացվել է հանրային վերահսկողություն Տավուշի մարզի 16–30 տ․երիտասարդների, այդ թվում նույն տարիքային խմբերի կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավախախտումների նկատմամբ, ինչպես նաև գործողություններ երիտասարդների աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման, իրազեկման, աշխատանքային իրավունքների խախտումների նկատմամբ դիմակայության ամրապնդման, բազմաշահառու երկխոսության հաստատման նպատակով։

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ը իրականացրել է «Աշխատանքային իրավունքների խախտումները աշխատանքային պայմանագրերի ոլորտում»  ծրագիրը, որի շրջանակում Գեղարքունիքի մարզում իրականացվել են աշխատանքային պայմանագրերի ոլորտում խախտումների նվազեցմանն ուղղված նախաձեռնություններ,  աշխատանքային իրավունքների իրազեկվածության բարձրացման նախաձեռնություններ՝ այդ իրավունքների խախտումների վերաբերյալ հետազտություն, առաջարկների մշակում, իրազեկման արշավներ։

«Կոմպասս գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ–ն իրականացրել է «Աշխատանքային իրավունքների և ներառական զբաղվածության շահերի պաշտպանության ինտերակտիվ հարթակ» ծրագիրը, որի արդյունքները ներկայացրեց ՀԿ նախագահ Ղարիբ Հարությունյանը։ Ծրագրի շրջանակում իրականացվել է հետազոտություն աշխատանքային իրավունքների ոտնահարման վերաբերյալ Շիրակի մարզում, ցուցաբերվել է աջակցություն աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում համապատասխան պետական մարմինների կողմից հետազոտությունների և կարիքների վրա հիմնված քաղաքականության մշակմանը, փորձագիտական հարցումներ, ստեղծվել է առցանց հարթակ՝ գործառտուների շրջանում աշխատողների ձայնը խթանելու նպատակով։

Սույն միջոցառումը իրականացվում է «Իմ այլընտրանքային կարիերան (MAC. My alternative career)» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ կողմից ՝ «Հանուն աշխատանքի, հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որը ՀՀ-ում իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: