Skip to main content

Եվրոպական միության աջակցությամբ և Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում փետրվարի 27-ին Դիլիջանի Փախստականների Համայնքային խորհրդի անդամների համար կազմակերպվեց դասընթաց՝ «Մեդիագրագիտություն, քննադատական մտածողության զարգացում» թեմայով։

Դասընթացը վարում էր Սուրեն Դեհերյանը՝ լրագրող, Ampop.am բացատրական մեդիա հարթակի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը, ինչպես նաև «Լրագրողներ ապագայի համար» ՀԿ-ի նախագահը, ով ունի թվային լրագրության, մեդիա կառավարման և կրթության ոլորտում ավելի քան երկու տասնամյակ փորձ։

Դասընթացի շրջանակներում մասնակիցները ստացան տեսական և գործնական գիտելիքներ ապատեղեկատվության հիմնական տեսակների և տարատեսակ մանիպուլյացիաների նպատակների ընկալման, թվային բովանդակության (նկարներ, տեսանյութեր, տեքստեր) արագ ստուգման և մեդիախոսույթում հուզական մանիպուլյացիաների, «ատելության խոսքի» ու կողմնակալության հայտնաբերման վերաբերյալ։

Հատկապես ոգևորիչ էին «Գտիր տարբերությունը» և կեղծ տեղեկատվության հեշտ տարածման վերաբերյալ խմբային վարժությունները։ Մասնակիցները ձեռք բերեցին կեղծիքը տեղում հայտնաբերելու, սոցիալական էջերը կասկածելի աղբյուրներից «մաքրելու» և կեղծիքը չտարածելու ու չփոխանցելու ուղղությամբ հմտություններ։

Սուրեն Դեհերյան

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրը շարունակում է նպաստել Ղարաբաղից տեղահանված փախստականների հզորացմանը՝ նոր գիտելիքների տրամադրման և կարողությունների զարգացման միջոցով։

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից:

Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղից փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։