2024 թ․ սեպտեմբերի 24-ին Դիլիջանում կայացավ «Ձգտում ավելի լավ ապագայի․ համայնքների ու քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի վեցերորդ կլոր սեղան քննարկումը՝ համատեղ գործողության պլանավորման և իրականացման նպատակով։
Քննարկմանը մասնակցում էին Դիլիջանի համայնքապետերանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Դիլիջանում բնակվող արցախցի հայրենակիցներ։
Մասնակիցներին ողջունեցին ու քննարկման նպատակը, ակնկալվող արդյունքները ներկայացրեցին «STRIVE» ծրագրի գործընկեր «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Ղազարյանը և «Նիյր Իսթ Ֆաունդեյշն» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն և «STRIVE» ծրագրի ղեկավար Արփինե Բաղդոյանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել և նախասահմանել համատեղ ծրագիր, որը կխթանի ՔՀԿ-ների ու այլ ոլորտների միջև գործակցությանը և միտված կլինի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կենսական կարիքների լուծմանը։ Հանդիպման աշխատանքային ընթացքը վարեց ծրագրի նորարարության, զարգացման և ազդեցության մասնագետ Արամ Հարությունյանը։
Քննարկվեցին արտակարգ իրավիճակներում աշխատելու ընթացքում ծագած խնդիրներն ու կարիքները, որոնց առնչվել են տարբեր ոլորտների պատասխանատուները և տեղահանված անձինք։ Տարբեր տեսակետներ ու կարծիքներ հնչեցին հանդիպող խնդիրների լուծման ու կարիքների արձագանքման ուղղությամբ, որոնք հատկապես ակնառու են զբաղվածության ոլորտում։ ՏԻՄ ներկայացուցիչները ևս անդրադարձան այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին, շահագրգիռ կողմերի հետ գործակցությանը։ Խմբային աշխատանքների ընթացքում վեր հանվեցին հիմնական խնդիրները, ձևակերպվեցին դրանց հաղթահարման հնարավոր եղանակները։ Ընդհանուր առմամբ ներկայացվեց 3 ծրագրային առաջարկ։ Այն առաջարկը, որը կապահովի երկարաժամկետ կայունություն և ազդեցություն տեղահանված անձանց կարիքների լուծման առումներով, կստանան ֆինանսական աջակցություն։ Նշենք, որ նույնաբովանդակ քննարկումներ են իրականացվել նաև Սյունիքում, Արագածոտնում, Լոռիում, Գեղարքունիքում և Շիրակում։
Կլոր սեղանը կազմակերպվեց Եվրոպական Միության կողմից համաֆինանսավորվող «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակում։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ: