ՆՈՐՈւԹՅՈւՆ

Հայ-բրիտանական համագործակցություն՝ հանուն հայաստանցի երիտասարդների դերի բարձրացման

Հուլիսի 12-ին Դիլիջանի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Հայաստանում երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և խաղաղարարության գործում» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, տեղական ու մարզային ՀԿ-ների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, բրիտանացի գործընկերներ։

Ծրագրի բացման արարողության առաջին հատվածում ողջույնի խոսքով հանդես եկավ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ նախագահ՝ Արթուր Ղազարյանը՝ ներկայացնելով ծրագրի նպատակն ու  երկու հիմնական բաղադրիչները՝

  • որակական հետազոտություն՝ բացահայտելու երիտասարդների պատկերացումներն ու ակնկալիքները «նոր Հայաստանում» որոշումների կայացման եւ խաղաղարարության բնագավառներում նրանց մասնակցության վերաբերյալ,
  • ՄԱԿ-ի Անվատնգության խորհրդի 2250 բանաձեւի շուրջ վերապատրաստման դասընթաց՝ Տավուշի մարզի երիտասարդության համար:

Բանաձևի կարևորության, երիտասարդների՝ որոշումների կայացման ոլորտում ակտիվ մասնակցության վերաբերյալ ելույթ ունեցավ «Խաղաղ փոփոխությունների նախաձեռնություն» միջազգային ՀԿ ներկայացուցիչ Քռեյք Օլիֆանթը՝ հիմնավոր փոփոխություններ գրանցելու գործում առանձնացնելով համայնքների զարգացման, երիտասարդների ակտիվության և վստահության գործոնի նշանակությունը։

Համայնքային ծրագրերի կարևորությունը, երիտասարդների դերը ներկա իրավիճակում, նրանց մասնակցությունը երկրի զարգացման գործընթացում և հատկապես խաղաղաշինության ոլորտում․ սրանք այն հիմնական կետերն էին,  որոնք շեշտվեցին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի խոսքում։

Միջացառման երկրորդ մասում ներկաների համար կրթական վիկտորինա էր կազմակերպվել՝ երիտասարդական քաղաքականության, Հայաստանի և Մեծ Բրիտանիայի կառավարման համակարգերի, երիտասարդների մասնակցությամբ իրականացված տարբեր պատմական փաստերի և իրադարձությունների վերաբերյալ։ Վիկտորինայի երեք հաղթողները դեսպանի կողմից պարգևատրվեցին գեղեցիկ հուշանվերներով։

«Հայաստանում երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և խաղաղարարության գործում» ծրագիրն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ և «Խաղաղ փոփոխությունների նախաձեռնություն» միջազգային ՀԿ (Միացյալ Թագավորություն) կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ։

Leave A Comment